Մանկավարժական համալսարանում բացվեցին նոր լաբորատորիաներ

Created Date: 2016-04-25 Դիտումներ: 1085
Մանկավարժական համալսարանում բացվեցին նոր լաբորատորիաներ

Մանկավարժական համալսարանում բացվել են ուսումնափորձնական 4 նոր լաբորատորիաներ՝ գրեթե ամբողջությամբ մատակարարված "Կոնցեռն-Էներգոմաշ" ՓԲԸ-ի կողմից, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու հյուրեր:

Բուսաբանության և բույսերի ֆիզիոլոգիայի, Աշխարհագրության գիտակրթական, Ընդհանուր և անօրգանական քիմիայի, Ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի լաբորատորիաները հագեցած են ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով, ինչը կնպաստի ուսումնական և գիտական հետազոտություններ իրականցնելուն, կբարելավի ուսանողների պրակտիկ գործունեությունը:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լաբորատորիաների բացումը համարեց բուհի երկարատև գործունեության արդյունք և կարևորագույն ձեռքբերում՝ նշելով, որ դա ուղղակիորեն կնպաստի ապագա մանկավարժների՝ տեսական գիտելիքները լաբորատոր պայմաններում ամրապնդելուն:

«Հանրակրթական դպրոցն ունի երկու կոմպոնենտ՝ դաստիարակության և գիտական: Որպեսզի աշակերտը լինի հետաքրքրված, իսկ ուսուցիչն էլ աշխատի նվիրված, ուրեմն ուսումնական գործընթացը պետք է կազմակերպվի մասնագիտական կահավորված դասասենյակներում»,-նշեց ԿԳ նախարարն ու ցանկություն հայտնեց, որ նման աշխատանքային լաբորատորիաներ ապագայում լինեն նաև դպրոցներում:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը լաբորատորիաների բացումը կարևորեց հատկապես ապագա մանկավարժների՝ գիտությունն առավել ժամանակակից սարքավորումներով հագեցած պայմաններում ուսումնասիրելու տեսանկյունից: Ռեկտորը վստահ է՝ դա ծայրաստիճան կարևոր է ուսանողների համար:

Նշենք, որ լաբորատորիաների բացմանը աջակցել են Գիտության պետական կոմիտեն և Համաշխարհային բանկը, իսկ սարքավորումների մատակարարումն իրականացվել է "Կոնցեռն-Էներգոմաշ" ՓԲԸ-ի կողմից:

 

Tags:

Մեր գործընկերները